среда, 25 января 2012 г.




Մ.թ.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսի Առաջավոր Ասիայի գրավոր աղբյուրները վկայում են Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, Վանա և Ուրմիա լճերի միջև գտնվող Մանա պետության մասին:     Հայտնի Է, որ այս տարածքները խուրրիական (հայկական) միտանի ցեղի նախնական բնակության վայրերն են, հայրենքը: Հայկական լեռնաշխարհի հողագործ, անասնապահ, հատկապես ձիապաշտ այս ցեղին տարբեր ժամանակներում հաջողվել Է կազմավորել տարբեր պետություններ, որոնք հայտնի են Միտանի, Մանա, նաև Մարաստան – Մեդիա անուններով: Գոյություն ունենալով մի քանի հարյուրամյակ, մ.թ.ա. 616-615 թթ.  Մանան նվաճվել  է  մ.թ.ա. 7-րդ դարում կազմավորված ու հզորացած իր արյունակից Մարաստան-Մեդիայի կողմից և որպես ինքնուրույն պետություն դադարել  գոյություն ունենալուց: Այնուհետև երկար ժամանակ Մանան և Մարաստան-Մեդիայի մի մասը կազմել են Հայաստանի անբաժան մասերը, լինելով հայ նախարարական Արծրունի, Ամատունի, Մանդակունի, Մուրացան կամ Մարացեան տների ժառանգական տիրույթները: 
Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան մասից՝ Վան-Ուրմիա լճերի և Մեծ Զաբ գետի վերին և միջին հոսանքների շրջանում գտնվող տարածքներից են սերվել հայկական՝ միտանական, ուրարտական, Երվանդական և իրանական՝ մար-մեդական, Աքեմենյան մի շարք արքայատոհմեր: Այդ տարածքներում են եղել նրանց սրբավայրերը՝ Արդինի-Մուսասիրը՝ Խալդի աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի վերին հոսանքների շրջանում, պատմական Կորճայքում ևԿումենու- Կումեն՝ Թեյշեբա աստծո պաշտամունքի կենտրոնը Մեծ Զաբ գետի միջին հոսանքների շրջանում:
Թեև Միտանիի արքաների և նրանց հայրերի անունները հայտնի են և շատ հաճախ կրկնվում են, սակայն հայտնի չէ թե ինչ արքայատոհմեր են իշխել այնտեղ: Նույն վիճակն է և Արարատ-Ուրարտուում: Դարձյալ հայտնի են միայն արքաների և նրանց հայրերի անունները, որոնք կրկնվում են: Իսկ դա նշանակում էր, որ իշխանությունը գտնվում էր նույն արքայատոհմի ձեռքին, ու գահը ժառանգվում էր հորից որդուն իսկ երբեմն եղբորը: Երկու դեպքում էլ վկայություններ չկան որևէ արքայատոհմի մասին, ինչպես օրինակ, ավելի ուշ հանդես եկած Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի, Բագրատունի արքայատոհմերն են: Միտանիում և Արարատ-Ուրարտուում արքայատոհմերի անուններ չկան, բաւց կա մի փաստ, որն ընդհանուր է նրանց համար, և որը կապում է նրանց. դա այդ արքայատոհմերի նույն տարածքից, նույն երկրից  ծագելու փաստն է:
Հայտնի է, որ Ուրմիա լճի հարավային մասում / ներառյալ Արդինի- Մուսասիրը/ ապրող միտանի ցեղի թագավորներին հաջողվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին միավորելխուրրիական /հայկական/ ցեղերին և ստեղծել հայոց հնագույն Միտանի պետությունը:  Մ.թ.ա. 9-րդ դարում Վանա լճի հարավ-արևելյան մասերում ապրող հայկական ցեղերին նորից  հաջողվել է Միտանիից հետո ստեղծել հայոց նոր հզոր  պետություն՝ Արարատ-Ուրարտուն: Ուրարտական ժամանակաշրջանում Արդինի-Մուսասիրը սրբազան վայր է եղել իշխող արքայատոհմի համար: Այստեղ է եղել պետության հովանավոր աստված Խալդիի /Ալդի-Արդի/ տաճարը, այստեղ են թագադրվել ուրարտական արքաները, այստեղ է եղել արքունիքի գանձարանը և այլն: Արդինի-Մուսասիրի այս կարգավիճակը թույլ է տալիս մտածել, որ ուրարտական արքայատոհմը մուսասիրյան ծագում է ունեցել : Այս ամենից հետո պատահական չէ, որ երբ Ասորեստանի թագավոր Սարգոն 2-րդը (721-705) գրավում ու կողոպտում է Արդինի- Մուսասիրը և Խալդի աստծո տաճարը, Ռուսա 1-ինը (735-713) ինքնասպան է լինում՝ լսելով այդ լուրը : Ուրարտական հպարտ արքայի համար մեծ վիրավորանք և սրբապղծություն է եղել այդ սրբավայրի գրավումն ու կողոպտումը թշնամու կողմից: Նշենք, որ Ասորեստանի թագավորների արշավանքների ժամանակ Ուրարտուն և Մանան հաճախ օգնում էին իրար և  հանդես գալիս  միասին: Ամեն անգամ ասորեստանցիներին հարկ էր լինում նորից նվաճել Մանայի բնակավայրերը և այնտեղ նշանակել նոր կառավարիչներ, որոնք նրանց հեռանալուց հետո անմիջապես կապեր էին հաստատում ուրարտական արքաների հետ, «հույսը դնելով կարգ ու կանոն չիմացող դաշնակցի՝ ուրարտացի Ռուսայի վրա» , ինչպես գրում է Սարգոն 2-րդն իր արձանագրության մեջ: Այս փաստը վկայում է նրանց ազգակցական, արյունակցական կապերի մասին, որոնք երևան էին գալիս հատկապես թշնամիների հարձակումների ժամանակ:
Ուրարտական վերջին թագավոր Ռուսա 4-րդից (609-590) հետո  Ուրարտու-Արարատում՝  Հայաստանում գահն անցել է նոր արքայատոհմի՝ Երվանդունիներին: Այս արքայատոհմի առաջին թագավորը Երվանդ 1-ին Սակավակյացն էր (580-560):
Ինչպես տեսնում ենք,այս փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսա 4-րդի մահից 10 տարի հետո: Այդ ժամանակահատվածում Հայաստանում հայտնի չեն ինչ-որ խոշոր հուզումներ, ցնցումներ, օտարերկրյա ներխուժումներ, որոնք պատճառ հանդիսանային արքայատոհմի փոփոխության: Հետևաբար այդ փոփոխությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով: Ուրարատական արքայատոհմը այլևս ի վիճակի չի եղել ապահովելու երկրի անվտանգությունը, և գահն իրենց ձեռքն են վերցրել ազնվական այլ ընտանիքի ներկայացուցիչներ, այս դեպքում՝ Երվանդ 1- ինը, և սկիզբ է դրվել Երվանդունիների իշխանությանը:
Առաջավոր Ասիայի պատմության մ.թ.ա. 6-րդ դարի սկզբների համար կարևոր գրավոր աղբյուր է «Բաբելոնյան ժամանակագրությունը», ուր վկայություն կա Բաբելոնի թագավոր Նաբուպալասարի մոտավորապես մ.թ.ա. 609թ. դեպի Ուրարտու ձեռնարկված «մեդական» արշավանքի մասին : Ուրարտու-Արարատը այդ ժամանակ գտնվում էր հզորացող Մարաստան-Մեդիայի ազդեցության տակ: Այս փաստերը վկայում են, որ մար-մեդերը, մանա-մատիեները և արարատ- ուրարտացիներն ազգակիցներ էին, և Մարաստան-Մեդիան բարեկամաբար էր տրամադրված իր արյունակից Արարատ-Ուրարտուի հանդեպ: Նույն տրամադրվածությունն էր նաև երկրի ներսում՝ Ուրարտու-Արարատում: Դժգոհություններ չեն եղել, երբ ավելի քան 300 տարի գոյատևած Ուրարտական արքայատոհմին փոխարինել է նոր արքայատոհմ՝ Երվանդունիների արքայատոհմը: Իսկ Երվանդունիների և մարերի միջև տեր և վասալ հարաբերություններ չեն եղել, այլ մարաց թագավոր Կիաքսարը (625-585) ազգակիցների, հավասարների մեջ առաջինն է եղել: Ավելի ուշ, երբ Դարեհ 1-ին Աքեմենյանը (522-485) փորձել է սահմանափակել հայ և մար ազնվականների իրավունքները, իրադրությունը սրվել է, և սկսվել են թշնամական հարաբերություններ:
Մատենագրական կցկտուր տեղեկությունները վկայում են, որ Երվանդունիները ծագում են Մատիենե (Մանա) երկրին կից Մուսասիր-Արդինի երկրից: Հռոմեացի պատմիչ Պլինիոսը (1-ին դարի սկիզբ) այդ տարածքում հիշատակում է Օրոանդների ցեղի մասին :
Երվանդունիները Վասպուրականի գավառներից մեկի՝ Հայոց ձորի (Արուանդունիք) ժառանգական իշխաններն էին: Թ. Արծրունին իր «Պատմությունն տանն Արծրունեաց» աշխատության մեջ աղոտ տեղեկություններ է տալիս  Երվանդ թագավորի մասին, որը բնակվել է Տոսպ գավառում, և գավառը նրա անունով անվանվել է նաև Երվանդական:  Իսկ հայոց մի շարք ձեռագիր հիշատակարաններում (18- րդ դար) Վան քաղաքը Երվանդի անունով վկայակոչվում է Երվանդավան  և Երվանդական անուններով: Այս տեղեկությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ Երվանդունիները ծագում են Արդինի-Մուսասարից, և մինչև հայոց գահին նստելը, գործել են  Տոսպ գավառում ու Վան քաղաքում, նաև մեդական և Աքեմենյան ժամանակներում: Մար-մեդական հնագույն արքայատոհմը նույնպես այդ տարածքից էր  (Դեյոկես, Կիաքսար 1-ին, Աժդահակ- Աստիագես, Կիաքսար 2-րդ, Կյուրոս Մեծ  (558-550), որի ընկերն էր հայոց Երվանդ 1- ին թագավորի որդի Տիգրանը) : Գոյություն ունեցող մի տեսակետի համաձայն Մատիենե-Մանային կից  ( հաճախ ներառյալ) Պարսուա-Պարսկահայք երկրից են ծագում Աքեմենյանների իրանական արքայատոհմի անդամները :
Ինչպես տեսնում ենք արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել խուրիի-միտանական, ուրարտական, Երվանդական, մար-մեդական և Աքեմենյան արքայատոհմերի միջև: Այս բոլոր արքայատոհմերը, որոնք իշխել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում, ծագում են նույն՝ Վան-Ուրմիա լճերից մինչև Մեծ Զաբ գետ և սրբազան Արդինի-Մուսասիր ընկած տարածքներից: Արյունակցական, ազգակցական կապեր են գոյություն ունեցել նաև այլ ազնվական տոհմերի միջև:
Այսպիսով, մանա-միտանիները, արարատ-ուրարտացիները (հայկական ցեղեր) և մար-մեդերը, պարսիկները, պարթևները (իրանական ցեղեր) ունեցել են արիական ծագում և նույն ցեղի տարբեր ճյուղավորումներ են:
Հոդվածը տպագրվել է   «Միտանի, Հայոց հնագույն պետություն» աշխատության հավելվածում:

Հեղինակ` Անժելա Տերյան

Комментариев нет:

Отправить комментарий