понедельник, 8 августа 2011 г.

Ռազմիկ Դավոյան. մարդու ու տաղանդի համագործակցության փայլուն օրինակ....

    Ռազմիկ Դավոյան. մարդու ու տաղանդի համագործակցության փայլուն օրինակ....


   Զարմանալի մոգական ուժ ունի Ռազմիկ Դավոյանի  գրականությունը: Հաճախ մտածում ես,  որտեղից է գալիս  պատկերների այնքան  պարզ ու նույնքան էլ  բարդ նկարագրությունը: Այդ ինչպիսին է Ռազմիկ Դավոյան բանաստեղծի, թարգմանի  ու վերապատմողի աչքի ոսպնյակը: Այն, ինչ տեսք ունի այն տաղանդը, որ կարողանում է բարդ շարահյուսությունն ու բարդ բառերը սինթեզելով ստանալ այնպիսի պարզ ու բարդ պոեզիա: Խոսել Աստծո հետ, Աստծո լեզվով ու անվանել << Ռեքվիեմ>>, խոսել տիեզերական գաղտնիքների ու ընկալումների մասին,  վերնագրել մեղրահաց, << Քարե բարձ>> ու փորձել այդքան հանճարեղ պոեզիայի կողքին դնել  << Եթե Աստված կամենա>> վեպն ազգի ճակատագրի, անցած- գնացածի, բայց այդ երթի ընթացքում կերտված տարբեր մարդկանց անհատական տեսակի մասին : Այնքան զգուշորեն տալով իրական արվեստագետի << սահմանումն ու բանաձևը>> ու պատկերավոր դիմանկարը: Խոսել մոր հետ այնքան զգուշորեն ու նուրբ իր հարցն ուղղելով պարզ ու բարդ  ընդամենը մի նախադասությամբ.

                       Մայր, ամեն օր ինձ մայրություն ես անում
                         Սակայն քանի օր ես քո զավակը եղա…

       
                   
Հարց, որ պիտի պահանջի յուրաքանչյուր ընթերցողի  սեփական խղճի, մտքի, սրտի ու մարդկային կերպարի հետ հաշվի նստել ….
Կամ զրուցել  գալիքի սերունդների հետ, իր անցած  ճանապարհի ու իմաստուն տարիքի բարձրությունից հորդորելով.


 Ողորմի տվեք ձեր անցվորներին…

Եվ կամ էլ.

                       Փառք տուր Աստծուն,
                       Փառք տուր Աստծուն,
                      Որ արեգակ ելավ կրկին.
                      Փառք աշխարհքին,
                     Որ ինչ-որ տեղ
                     Դեռ աղ ու հաց ունի ձեռքին:
                    Փառք տուր, տղաս, գիշեր ու զօր,
                    Փառք տուր Տիրոջ փառքին անհաս,
                    Փառք տուր նրա խղճին արդար
                   Եվ փառքի մեջ կշողշողաս:
                   Փառք տուր նրա նշխար հացին
                   Եվ փառք տուր, որ այսօր դեռ կանք,
                  Աստված մեծ է, եւ փառքը՝ շատ
                  Եվ բարության ջրվեժն անկանգ:


Հետոմեծ փիլիսոփայի կեցվածքով հաշտվելով  իրականության հետ,  հոգեբանի հմտությամբ հարցեր տալ անհայտին ու ինքն էլ պատասխանել  այդ հարցերին նաև առաջարկելով ելքեր:
Սեփական մտքի մարտահրավերներին լուծումներ տալով իր ընթերցողներին հեռու պահել այդ հարցի անդունդներից


                                             
Ես բախտի որբն եմ, թե զավակն արդար
                                             Ինձ համար մեկ է չեմ տրտնջում ես
                                            Միայն թե մեկն իմ հոգին կարդար
                                           Ինձ այս աշխարհին պարգևողի պես

 Ապա իմաստունի իր հայացքը հառում պարզ ու տեսանելի ներկային, հետո մշուշոտ ապագային ու ասում.


         Տիեզերքի ամեն անկյունում
         Կա արցունքի մի կաթիլ
         Եվ անպայման անդունդի գլխից կախված…

Ինչ, որտեղ, ինչու և կամ էլ ինչպես: Դժվար է ասել: Գուցե ռեալ , իրատես ու բաց աչքերով իրականությունն առանց վախի նկատելու շնորհն է պատճառը: Կամ էլ ներքին արժանապատվությունը, որ կերտում է  բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին, որն էլ թարգմանն է դառնում մարդկային մտքի ու հոգու, տիեզերական չբացահայտված իրականությունների, դառնում  բացահայտված, բայց դեռևս անհայտ մարդ ասվածի թարգմանը:













Հավատի Հրավեր
Ծաղիկներ բերեք եկողներին,
նվիրեք նրանց ծաղկեփնջեր,
մեր ամենօրյա երգողներին,
եւ՝ ում ձայնը որ դեռ չի հնչել:
Ծաղիկները տվեք, որ չգնան,
որ էլ երբեւէ մեզ չլքեն,
ծաղիկների պես ժպտան իրար
եւ իրար սիրո հիմներ երգեն:
Թող նրանք, ովքեր հեռվում են դեռ,
լսեն դրախտի կանչը զնգուն
եւ թրթռոցով երջանկաբեր
կտրեն ճանապարհն իրենց անքուն:
Չդիմանան մեր զիլ կանչերին
եւ խենթի նման վազեն ու գան
բոլոր դժբախտներն անմխիթար
եւ արքայուհին, եւ խեղճ արքան:
Նրանք, որ ականջ ունեն, լսեն,
որ լրիվ սիրտ են, համակ հոգի,
որ անմտորեն ելան ի զեն՝
ոչ իբրեւ պաշտպան մեր բողոքի:
Թող իրար ձայն տան, ելնեն ու գան,
երջանկությունից մոլորվելով,
ողջ մարդկությունը դառնա մի մարդ
իր մասնատումից բոլորվելով:
Եվ մենք, հավաքված իրար գլխի,
հավատանք իրար, մեկտեղ խնդանք,
վերելակներով ելնենք երկինք,
ուրախանանք, որ Աստծուն գտանք...
...Տեսեք, գալիս են արդեն քիչ-քիչ,
քիչ-քիչ գալիս են, որ շատանան,
իրար սիրելու կանչն ամոքիչ
էլ չի հասկանում խեւ սատանան:
Ծաղիկներ բերեք եկողներին,
նվիրեք խոշոր ծաղկեփնջեր՝
նվագողներին, երգողներին,
եւ՝ ում ձայնը որ դեռ չի հնչել:

Կեղեւվդ բաց արա
Բաց քո կեղեւը, ծա՛ռ,
Առ ինձ կեղեւիդ մեջ...
Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք եւ սեր,
Եվ տառապանք, եւ սուգ:
Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ:
Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:
Որպես թաքուն թախիծ,
Տերեւներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:
Ու հողերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծառ իմ,
Կըորոտանք մեկից:
Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:
Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառերը կըկրկընեմ.
Կերթանք կամաց-կամաց
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:
Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձեւ կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:
Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կոփրած տեսլիք,
Մենք կթաղվենք հողում:

Комментариев нет:

Отправить комментарий