среда, 25 января 2012 г.


1924-1971 էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ, — ասում էր մայրը որդուն։
Իրականացավ մոր երազանքը. Պարույր Սևակը (Ղազարյանը) դարձավ հայ ժոդովրդի ամենասիրված բանաստեղծներից մեկը։
Սևակը ծնվել է Հայկական ՍՍՀ-ի Վեդու (այժմ՝ Արարատ) շրջանի Չանախչի (այժմ՝ Սովետաշեն) գյուղում։ Ծննդավայրում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ուսանողական տարիները համընկան սովետական ժոդովրդի համար ամենածանր ժամանակաշրջանի՝ Հայրենական մեծ պատերազմի հետ։ Ցավն ու վիշտը, քաղցն ու ցուրտը հաղթահարելով՝ ուսանող Պարույրն ամբողջ էությամբ նվիրվեց գրքերի աշխարհին, սոսկ չէր կարդում, այլև խորապես ուսումնասիրում էր հայ ժողովրդի պատմությունը, նրա մշակույթը, գրականությունը, արվեստը, հայ երգը, Հայաստանի աշխարհագրությունը, հայ աշխատավորի կյանքը, կենցաղը, սովորությունները։
Նա վաղուց էր մտադրվել պոեմ գրել 1915 թ Մեծ եղեռնի և տարաբախտ Կոմիտասի մասին։ 1957 թ աշնանային մի ցուրտ օր, Մոսկվայի փողոցներից մեկով անցնելիս, Սևակը հանկարծ ռադիոյով լսում է կոմիտասյան երգը։ Եվ, ինչպես ինքն է հիշում, մեկ վայրկյանում իր համար պարզվում է ապագա ստեղծագործության վերնադիրը՛ «Անլռելի զանգակատուն»… Բանաստեղծը Կոմիտասի կենսագրության մեջ զարմանալի զուգադիպություն գտավ հայ մարդու և ողջ ժոդովրդի ճակատագրերի միջև։ «Անլռելի զանգակատուն» պոեմում գեղարվեստորեն պատկերվեցին Կոմիտասի կյանքն ու գործը, և հայ ժողովրդի պատմության ողբերգական ժամանակաշրջանը։ Այդ պոեմը մեր բազմադարյան գրականության մեջ նորություն էր թե բովանդակությամբ, թե ձևով։ Վեց համազանգերում, ինչպես երաժշտական համանվագում, քառասունվեց ղողանջներով հնչում է հայ ժողովրդի հավերժության հիմնը։ «Անլռելի զանգակատուն» պոեմից հետո, որն արժանացավ Հայկական ՍՍՀ պետական մրցանակի, լույս տեսան Սևակի «Մարդը ափի մեջ» և «Եղիցի լույս» բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները։ Սրանցում բանաստեղծը երգել է մեր օրերի մարդու երազանքներն ու խոհերը, երջանկությունն ու տառապանքը, սերը հայրենիքի հանդեպ, ապագայի վառ հավատը։

Բազմազբաղ բանաստեղծը չէր մոռանում նաև մանուկներին։ Իր որդիների համար գրած «Իմ կտակը» բանաստեղծական շարքը հայրական խրատներ ու հորդորներ են բոլոր մանուկներին, նոր կյանք մտնողներին՛ լինել ազնիվ ու աշխատասեր, անվախ ու համարձակ, գործունյա և ջանասեր։
Սևակի երազանքն էր հայկական ժողովրդական ավանդությունների թեմաներով գրել մանկական բանաստեղծություններ։ Բայց վաղաժամ, ողբերգական մահն անկատար թողեց բանաստեղծի այդ երազանքը։ Նա հասցրեց գրել ընդամենը տասներկու բանաստեղծություն, որոնք լույս տեսան 1971 թ., «Ձեր ծանոթները» վերնագրով։ Ծանոթները հայոց լեռնաշխարհն է, կենդանիներն ու բույսերը՝ մանուշակն ու կաքավը, արագիլը, շունն ու գայլը, վագրն ու կատուն…
Սևակը Նաև հրաշալի թարգմանու¬թյուններ է կատարել ռուս, սովետական մյուս ժողովուրդների և արտասահմանյան գրականությունից։ Ձեզ համար թարգմանել է իտալացի մանկագիր Ջաննի Ռո֊ դարիի «Բարև, երեխաներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։ Սևակի ստեղծագործությունները թարգմանվել են մեր երկրի և աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներով։
Հայ ժողովուրդը վառ է պահում իր մեծ զավակի հիշատակը։ Սովետաշեն գյուղում ստեղծվել է նրա տուն-թանգարանը, Արարատի շրջանում հիմնվել է Սևակավան բնակավայրը, Երևանում նրա անունն են կրում փողոց, դպրոց, որի որմնախորշում դրված է բանաստեղծի կիսանդրին։ Ամեն տարի հունիսի 17-ին՝ բանաստեղծի մահվան օրը, հանրապետության քաղաքներից ու շրջաններից, եղբայրական հանրապետություններից Պարույր Սևակի ստեղծագործության բազմահազար երկրպագուներ հավաքվում են նրա ծննդավայրում, բանաստեղծի շիրիմի մոտ, և անցկացնում պոեզիայի տոն։

ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈւԹՅՈՒՆ
Հավատալուց ավելի հեշտ բան չկա աշխարհում,
Ու մտածելն է դժվար, խորհրդածելն է դժվար:
Եվ հորիզոնը, ահա, մեջս վեճեր հարուցում,
Ապացույց է պահանջում աքսիոմն իբրև բարդ թեորեմ,
Փոխատեղվել են ուզում խորտակում ու կառուցում,
Հավատալը հեշտ է շատ, ու դժվար է մտորել:
Ստվերներն են լճանում տակնիվրա կրծքիս տակ,
Մենությունն է մամլվում, թե կասկածանքը` կոպիտ,
Մի կաղ անձրև է քայլում, մի կույր լապտեր է փայլում,
Ու խաղում է շուրթերիս ապակետիպ մի ժպիտ:
Լուցկին վռթաց ու հանգավ, իմ ծխամորճն է գործում,
Ամերիկյան վայրենիք թող կեցցեն ու զորանան,
Որ թունավոր այս թփով քաղցրացնել են փորձում
Դառնությունը մեր բերնի և օգնում են մոռանալ
Մեր ցավերը, և սակայն մոռացումից ի՞նչ օգուտ,
Թե աչքերիդ փառ կա հաստ, որ չի սրբվում, և հոգուդ
կպել է մի սարդոստայն, որ հյուսված է մետաղից:
Պաղ շնչի մեջ ճենճահոտ ինչ-որ անմեղ մատաղի
Բողոքական մի քամի իր ուսմունքն է քարոզում,
Եվ իզուր է քարոզում, քարոզում է անտեղի.
Հավատալը հեշտ է շատ,
Իսկ ես խորհել եմ ուզում:
Ու ես առանց հանվելու՝ կոշիկներս էլ ոտներիս
Իմ անկողնին եմ փռվում ինչ-որ թաքուն մի ոխով,
Ճմռթում եմ վերմակիս ստող ծաղկունքը չթե,
Չթե՛ գարուն,
Չթե՛ վարդ,
Չթե՛ ծառեր,
Չթե՛ խոտ…
Ի՞նչ եմ կորցրել չեմ գտնում, ի՞նչ եմ փնտրում ես մթնում
Եվ ու՞մ կողմից եմ արդյոք լիազորված տանջվելու:
Ու բարձը, որ գլխիս տակ պիտի դնել, ես հիմա
Գլխիս վրա եմ դնում.
Նոր խեղկատակ մի հիմար,
Եվ քայլում եմ պատից պատ
Ու փոխանակ մնջվելու քրքջում եմ գժի պես,
Քրքջում եմ,
Քրքջում ,
Հետո խմում մի կում ջուր,
Որ ազդում է ինձ վրա ինչ-որ չեղյալ դեղի պես:
Հանդարտվում եմ, կարծես թե ներսս չեն էլ իսկ խառնել,
Անհավասար պայքարից ես հաղթող եմ դուրս գալիս,
Ես հաղթող եմ դուրս գալիս, սակայն լոկ այն ցեղի պես,
Որ թշնամուն կարծես թե մահացու ջարդ է տալիս,
Բայց չի զորում թշնամուց իր դրոշը հետ խլել:
Լուռ եմ,
Թափուր,
Ամայի՝ դաշտում ընկած շշի պես.
Մտքի ոչ մի կենտ կարիճ` էլ ուր մնաց թե վտառ,
Ու հասկանում եմ հանկարծ,
Հասկանում եմ, որ, գիտե՞ս,
Մտածելն է հեշտացել
Ու դժվար է հավատալ…

Комментариев нет:

Отправить комментарий