Կիրակնօրյա ընթերցանություն` ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ԱՐԵՎԸ
Երբ ես դեռ փոքր էի, և մենք ապրում էինք խորը ձորի մեջ, մեզ համար արևի ճանապարհը կարճ էր, երկու, իրար շատ մոտիկ, հանդիպակաց սարերի գագաթից գագաթ ընկած մի անտեսանելի կամուրջ… Մի օր մենք որոշեցինք բարձրանալ սարը և տեսնել, թե ուր է գնում արևը: Հեռու, շատ հեռու արևմուտքում մենք տեսանք երկնքի մեջ մտած մի սպիտակ գագաթ: Արևն իջել էր այդ հեռավոր գագաթի վրա, որը վառվում էր մայրամուտի գույներով: Պատկերը շլացուցիչ էր, տպավորությունը՝ անպատմելի: Ես ուզում էի այդ մասին պատմել մարդկանց… Հիմա ես գիտեմ, որ պոեզիան ամեն ինչից դուրս նաև պատմում է մարդկանց, մեզ շրջապատող կյանքի և բնության հրաշալի, հեքիաթային, հսկայական մետաֆորների մասին: Ես շատ եմ սիրում հողը և այն ամենը, որ բուսնում է նրանից, սնվում է նրանով: Եվ երբ ասում են մայր հող, ես գիտեմ, որ դա գեղեցիկ խոսքի համար չեն ասում: Ես հիշում եմ հեռավոր սովի տարիները, երբ Հայաստանի լեռներում ձմռան հետ վերջանում էին հացի վերջին պաշարները: Մենք՝ գյուղի երեխաներս, չորեքթաթ էին տալիս լանջերն ի վեր և բուսական կեր էինք հայթայթում՝ արմտիքներ, տերևներ, տարբեր տեսակի խոտեր: Կակաչի կոկոններ էինք ուտում, կակաչի ցողունից դուրս եկած կաթնանման խեժը կարմրացնում էր մեր բերանը, մեր ձեռքերը: Կակաչի բողբոջին «պուտածիծ» էինք ասում: Այդպես մայր հողը մոր նման մեզ ծիծ էր տալիս… Չլիներ այդ դժվար և դժվարության մեջ երջանիկ մանկությունը, հնարավոր է, որ ես բանաստեղծ չդառնայի:
Комментариев нет:
Отправить комментарий