воскресенье, 15 января 2012 г.


Օրհան Փամուկ. Կոստանդնուպոլսի թուրքացումը. գրավո՞ւմ, թե՞ անկում

Արդեն փետրվարի 1-ից Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը` «21-րդ դարի 21 լավագույն գրողներից մեկը», «ողջ թուրք գրականության ամենավառ երևույթը», «թուրքական Ումբերտո Էկոն», ինչպես կոչում են նրան արևմուտքում, ապրում է Նյու Յորքում և դասախոսում ամերիկյան համալսարաններում: Հրանտ Դինքի սպանությունից հետո նա մտահոգվեց իրեն ուղղված սպառնալիքներից և հեռացավ իր հայրենիքից: Հայաստանում Փամուկով սկսեցին հետաքրքրվել, երբ նա հայերի ցեղասպանության մասին խոսելու պատճառով դատարանի առջև կանգնեց: 2006թ. Ստամբուլի դատարանը վերջապես արդարացրեց գրողին: Փամուկը 1952թ. ծնվել ու ողջ կյանքը, բացի Նյու Յորքում անցկացրած 3 տարիներից, ապրել է Ստամբուլում: Սովորել է Ստամբուլի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտում: Յոթ վեպերի հեղինակ է, որ թարգմանվել են մոտ 40 լեզուներով: Մինչև Նոբելյանը ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից ամենահեղինակավորը՝ Դուբլինյան միջազգային մրցանակը, գրականությանը տրվող ամենախոշոր դրամական պարգևն է՝ 100 հազար եվրո: Նրա պատմածով՝ իր նախնիները անհիշելի ժամանակներում Կովկասից Թուրքիա են փախել և տեղում ստացել «Փամուկ» (բամբակ) անունը՝ բամբակի պես ճերմակ լինելու համար: Մինչև իրեն եղած թուրք գրականությունը նա բնորոշում է որպես «սոցիալական ռեալիզմ», որ ներկայացնում էր Անատոլիայի գյուղացիական թշվառությունը. «Ոչ ոք չէր գրում Ստամբուլի մասին, ես ուզեցա ցույց տալ քաղաքը, և այն էլ՝ ոչ դասակարգային պայքարի տեսանկյունից, ինչպես արվում էր: Ես որոշեցի քաղաքը տեսնել որպես բյուզանդական, օտտոմանյան և հանրապետական իր պատմության մի բազմաշերտ կարկանդակ, հատկապես՝ օտտոմանյան, քանի որ այդ շրջանը գաղտնի արգելքի տակ էր: Թուրքերն ուզում էին իրենց թուրք տեսնել ու ոչ թե Օտտոմանյան կայսրության ժառանգորդներ: Իսկ Օտտոմանյան կայսրությունը, ինչպես բոլոր կայսրությունները, բազմազգ էր: Ստամբուլում ապրում էին հույներ ու թուրքեր, հայեր ու հրեաներ: Ազգային ինքնակայության հավակնող հանրապետությանը խանգարում էր կայսրության բազմատարրությունը: Հանրապետության գաղափարախոսությունը պարզ էր, ամբողջատիրական «թուրքիզմ», որ ձևացնում էր իբր ոչ մի կայսրություն էլ չի եղել»: Փամուկի «Ստամբուլ» վեպից հրապարակվող հատվածը` հայերեն ներկայացնելու առաջին փորձն է, որ կատարել է Վարդան Ֆերեշեթյանը:

Կոստանդնուպոլսի թուրքացումը

Գրավո՞ւմ, թե՞ անկում

19

Մանուկ հասակում ես, ինչպես և Ստամբուլում ապրող թուրքերի մեծամասնությունը, այնքան էլ հետաքրքրված չէի բյուզանդական պատմությամբ: «Բյուզանդիա» բառն իմ մեջ զուգորդվում էր սարսափելի սև փարաջաներով մորուքավոր ուղղափառ քահանաների, ակվեդուկների, կարմիր աղյուսից հին եկեղեցիների և Այա Սոֆիայի հետ: Այդ ամենն այնքան հինավուրց էր, որ թվում էր, դույզն-ինչ հետաքրքրության արժանի չէր: Նույնիսկ այն օսմանների դարաշրջանը, որ գրավել ու կործանել էին Բյուզանդիան, ինձ թվում էր ինչ-որ հեռու-հեռու անցյալում. հիմա Ստամբուլում վրա էր հասել «նոր քաղաքակրթությունը», և մենք նրա առաջին սերունդն էինք: Այն տարօրինակ օսմանները, որոնց մասին պատմում էր Ռեշադ Էքրեմ Կոչուն, համենայնդեպս, ծանոթ անուններ ունեին, իսկ ինչ վերաբերում է բյուզանդացիներին, ապա նրանք Բյուզանդիայի գրավումից հետո ինչ-որ տեղ անհետացան: Սակայն նրանց ծոռնորդիները Բեյօղլուում արդուզարդի, կոշիկի և հրուշակեղենի կրպակներ ունեին: Իմ մանկության ամենասիրած զբաղմունքներից մեկը մայրիկիս հետ Բեյօղլու գնումների գնալն էր և ամենատարաբնույթ հունական կրպակների մշտատև այցելությունը: Դրանք ընտանեկան ձեռնարկություններ էին, որոնցում երբեմն աշխատում էին և հայրը, և մայրը, և դուստրերը: Երբ մենք մորս հետ մտնում էինք, ասենք, արդուզարդի կրպակ, ու մայրս վարագույրների համար գործվածք էր պատվիրում, կամ թավիշ` բարձերի ծածկոցների համար, նրանք սկսում էին թնդանոթի կրակահերթով միմյանց հետ հունարեն խոսակցել: Ավելի ուշ, տուն վերադառնալով, ես սկսում էի կապկել աղջիկ-վաճառողուհիների տարօրինակ քրթմնջոցն ու աշխույժ շարժմունքը: Իմ մտերիմների հակազդեցությունն այդ կապկումներին քամահրական եղանակն էր, որով գրում էին հույների մասին թերթերը, դյուրաբորբոք «խոսեք թուրքերեն»-ը, որը երբեմն նետում էին գնորդները հույներին, իմ մեջ այն միտքն էր ծնում, որ հույները ետնախորշերում ապրող չքավորների նման «հարգված» քաղաքացիներ չէին: Երևի թե այդ նրանից է, որ սուլթան Մեհմեդ Նվաճողը Ստամբուլը վերցրել էր նրանցից: 1953 թվականին, իմ ծնունդից մեկ տարի անց, նշվում էր Ստամբուլի առման 500-ամյա տարելիցը («Մեծ հրաշքը», ինչպես երբեմն կոչում են այդ), բայց տոնակատարության հետ կապված բոլոր բաների մեջ ինձ հետագայում հետաքրքրեց միայն տարեդարձի հետ կապված դրոշմանիշների շարքը: Այդ դրոշմանիշների վրա ներկայացված էին Ստամբուլի գրավման հետ կապված բոլոր սրբազան պատկերները` գիշերվա խավարից հայտնվող նավերը, Բելինիի վրձնած Մեհմեդ Նվաճողի դիմանկարը և Ռումելիսիխարայի ամրոցը:

Ըստ այն բանի, թե ինչպես են մարդիկ կոչում որոշ իրադարձություններ, կարելի է հասկանալ, թե մենք որտեղ ենք գտնվում` Արևմուտքում, թե Արևելքում: 1453 թվականի մայիսի 29-ին Արևմտյան աշխարհի համար տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի անկումը, իսկ Արևելյանի համար` Ստամբուլի գրավումը: Երբ կինս, որ ուսանում էր Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, մի անգամ իր աշխատություններից մեկում գործածել էր «գրավում» բառը, ամերիկացի պրոֆեսորը մեղադրել էր նրան նացիոնալիզմի մեջ: Սակայն իրականում նա այդ բառը գործածել էր պարզապես այն պատճառով, որ նրան այդպես էին սովորեցրել թուրքական լիցեյում. նրա մայրը ռուսական ծագում ուներ, այնպես որ` նա մասամբ համակրում էր ուղղափառ հույներին: Նրա համար այդ իրադարձությունը ոչ «գրավում էր», ոչ էլ «անկում», նա իրեն երկու աշխարհների միջև ընկած ռազմագերու պես էր զգում, որն իրեն այլընտրանք չի թողնում, քան լինել մահմեդական կամ քրիստոնյա:

Այն բանի պատճառը, որ 20-րդ դարում ստամբուլցիները սկսել էին տոնել Ստամբուլի գրավման օրը` եվրոպականացումն ու թուրքական նացիոնալիզմի աճն էր: Անցյալ դարի սկզբին սոսկ Ստամբուլի կեսն էր իսլամ դավանում, և ոչ մուսուլմանական բնակչության մեծ մասը կազմում էին հույն ֆանարիոտները, բյուզանդացիների հետնորդները: Իմ մանկության և պատանության տարիներին Թուրքիայում ուժեղ նացիոնալիստական շարժում գոյություն ուներ, որի ներկայացուցիչները համոզված էին, թե յուրաքանչյուր ոք, ով օգտագործում է «Կոստանդնուպոլիս» բառը, երազում է այն մասին, որ կգա այն օրը, երբ քաղաք կվերադառնան հին տերերը, կխլեն այն թուրքերից 500-ամյա բռնագրավումից հետո, կքշեն մեզ կամ կվերածեն երկրորդ կարգի քաղաքացիների: Նրանց համար «գրավման» գաղափարը վճռորոշ էր: Այնինչ, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում շատ թուրքեր հանգիստ իրենց քաղաքը Կոստանդնուպոլիս էին կոչում:

Իսկ այն թուրքերը, որ մեծ նշանակություն էին տալիս դեպի արևմտյան քաղաքակրթություն Թուրքիայի շարժմանը, այնքան էլ չէին սիրում շոշափել Ստամբուլի առման թեման: 1953 թվականին, չնայած բոլոր նախապատրաստություններին, որոնք սկսվել էին 500-ամյա տարելիցից մի քանի տարի առաջ, նախագահ Ջելյալ Բեյարը և վարչապետ Ադնան Մենդերեսը վերջին պահին հրաժարվեցին մասնակցել տոնական ծիսակատարություններին` երկյուղելով հարուցել իրենց արևմտյան ընկերների և Հունաստանի դժգոհությունը: Նոր էր սկսվել «սառը պատերազմը», և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ, չէր ուզում ավելորդ անգամ աշխարհին հիշեցնել Ստամբուլի գրավման մասին: Բայց երեք տարի էլ չէր անցել, երբ ղեկավարությամբ ծպտյալ կերպով հրահրվող նացիոնալիստները, վերահսկողությունից դուրս գալով, Ստամբուլում հույներին և այլ ազգային փոքրամասնություններին պատկանող տների ու խանութների ավերում կազմակերպեցին: Անկարգությունները, որոնց ժամանակ ամբոխը կործանում էր եկեղեցիներն ու սպանում քահանաներին, ստիպում են հիշել առևանգումների և դաժանությունների նկարագրությունները արևմտյան պատմաբանների գրքերում, որ գրում էին Կոստանդնուպոլսի անկման մասին: Ազգային պետությունների հիմնումից հետո Թուրքիայի և Հունաստանի ղեկավարությունները սկսեցին իրենց տարածքում մնացած փոքրամասնությանը վերաբերվել ինչպես պատանդների քաղաքական խաղում, և արդյունքում վերջին 50 տարվա ընթացքում Ստամբուլը լքեց ավելի շատ հույն, քան 1453 թվականից ի վեր հինգ հարյուր տարվա ընթացքում:

1955 թվականին, երբ անգլիական զորքերը լքում էին Կիպրոսը, իսկ Հունաստանը պատրաստվում էր կղզին լիովին իր ձեռքը վերցնել, հունական Սալոնիկ քաղաքում թուրքական հատուկ ծառայության գործակալը ռումբ գցեց այն տան մեջ, ուր ծնվել էր Աթաթյուրքը: Այն բանից հետո, երբ ստամբուլյան թերթերի հատուկ թողարկումը տարածեց այդ լուրը (ուժգին չափազանցված տեսքով), ողջ քաղաքով մեկ, Թաքսիմի հրապարակի վրա, հավաքվեց ագրեսիվ տրամադրված ամբոխը: Սկզբում ջարդարարները իրենց ցասումն ուղղեցին Բեյօղլուի կրպակների վրա, ուր ես գնում էի մորս հետ, իսկ հետո մինչև լուսաբաց շարունակում էին կողոպտել ու այրել ողջ Ստամբուլով մեկ:

Ամենասարսափելի իրադարձությունները տեղի էին ունենում քաղաքի այն շրջաններում, որտեղ շատ հույներ էին ապրում` Օրթաքիո, Բալեքլի, Սամաթիե, Ֆեներ... Ջարդարարների հրոսակախմբերը ավերում և այրում էին նպարեղենի և կաթի համեստ կրպակները, տներ էին ներխուժում և բռնաբարում հույն և հայ կանանց: Կարելի է ասել, որ իրենց վայրագությամբ նրանք չէին զիջում Մեհմեդ Նվաճողի զինվորներին, որ կողոպտում էին Ստամբուլը նրա գրավումից հետո: Քաղաքը սարսափով լցնող և այն իսկական դժոխք դարձնող անկարգությունները, որ գերազանցում էին քրիստոնյա եվրոպացիների բոլոր պատկերացումները արևելյան դաժանության մասին, շարունակվում էին երկու օր: Հետագայում պարզվեց, որ իշխանություններից խրախուսվող դրանց կազմակերպիչները ջարդարարներին ասում էին, որ նրանք իրենց գործողությունների համար ոչ մի պատիժ չեն կրի:

Ուզածդ ոչ մահմեդականի, ով կհամարձակվեր այդ գիշեր հայտնվել քաղաքում, սպառնում էր Լինչի դատաստանը: Լուսադեմին Իսթիքլյալը և Բեյօղլուի այլ փողոցները շաղված էին իրերով, որոնք առևանգիչները չէին կարողացել իրենց հետ տանել ավերված կրպակներից, բայց հաճույքով ջարդել ու կտոր-կտոր էին արել: Ամենուր թափված էին ամեն տեսակի և գունավորման գործվածքներ, գորգեր, հագուստ, շուռ տված սառնարաններ, որ նոր-նոր էին այն ժամանակ սկսել հայտնվել Թուրքիայում, ռադիոընդունիչներ, լվացքի մեքենաներ, ջարդված ճենապակյա սպասք, պատառոտած խաղալիքներ (այն ժամանակ լավագույն խաղալիքի խանութները Բեյօղլուում էին), խոհանոցի պարագաներ, ջահերի և այն ժամանակ մոդայիկ ակվարիումի բեկորներ... Այս ու այն տեղ երևում էին կոտրտված հեծանիվներ, շրջված կամ այրված մեքենաներ, կոտրած դաշնամուրներ և ցուցափեղկերից հանված պոկոտած ձեռքերով, անտարբեր երկինք նայող, գործվածքներով պատված մանեկեններ: Շուրջը կանգնած էին անկարգությունները հանդարտեցնելու համար չափազանց ուշ ժամանած տանկերը:

Այս իրադարձությունների մասին մեր ընտանիքում երկար տարիներ հիշում էին, այդ պատճառով իմ հիշողության մեջ դրա բոլոր մանրամասներն են, ասես ես այդ ամենն իմ աչքերով էի տեսել: Մինչ քրիստոնյաները կարգի էին բերում իրենց տներն ու կրպակները, իմ բարեկամները միմյանց պատմում էին իրենց տպավորությունները գիշերային իրադարձությունների մասին, հիշելով, թե ինչպես քեռիս ու տատս խուճապահար պատուհանից պատուհան էին նետվում և նայում էին, թե ինչպես փողոցում մեր տան առջև հավաքվում է ագրեսիվ տրամադրված ամբոխը, թե ինչպես ջարդարարները այս ու այն կողմ էին վազում, կոտրելով ցուցափեղկերն ու անիծելով հույներին, քրիստոնյաներին, հարուստներին: Այդ օրերին կրպակատեր Ալլադինը սկսեց իր կրպակում աճող թուրքական նացիոնալիզմի ազդեցության տակ վաճառել փոքրիկ թուրքական դրոշներ, անկարգություններից մի քանի օր առաջ եղբայրս խնդրեց, որ իրեն այդպիսի դրոշակ առնեն, և կպցրեց քեռուս «դոդջի» ներքնամասում` ջարդարարները ոչ միայն չէին շրջել այն, այլ նույնիսկ ապակիները չէին կոտրել:


Комментариев нет:

Отправить комментарий