Ամենահայտնի համբույրը
1945 թ. օգոստոսի 14-ին Նյու-Յորքի բնակիչները տեղեկացան Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին: Հենց այդ ժամանակ«Life» ամսագրի լուսանկարիչ Ալֆրեդ Այզենշտադտը դուրս եկավ Մանհեթթեն և ստեղծեց իր լեգենդար՝ նավաստու և երիտասարդ գեղեցիկ բուժքրոջ համբույրը պատկերող լուսանկարը:
1945 թ. օգոստոսի 14-ին ռազմածովային ուժերի նավաստին խելակորույս վազում էր ցնծող ամբոխի միջով՝ պատրաստ հարձակվելու ամեն աղջկա վրա, ով կհանդիպեր իր ճանապարհին: Լուսանկարիչ Ալֆրեդ Այզենշտադտը հիշում է.«Ես իմ «Լեյկա»-յով վազում էի նրա հետևից՝ հետևելով նրա գործողություններին, սակայն ոչ մի կադր ինձ դուր չէր գալիս: Եվ հանկարծ ինչ-որ սպիտակ բան նկատեցի, դիրքավորվեցի և որսացի այն պահը, երբ նավաստին համբուրում էր երիտասարդ բուժքրոջը: Եթե աղջիկը մուգ զգեստով լիներ, ես երբեք չէի լուսանկարի նրանց, ինչպես նաև՝ հակառակը, եթե տղան սպիտակ զգեստով լիներ, նույնպես չէի լուսանկարի: Ես մի քանի վայրկյանում չորս լուսանկար արեցի»:
Շատ չանցած լուսանկարը հայտնվում է «Life» ամսագրում, և երկու անծանոթ մարդկանց համբույրը պատկերող լուսանկարը դառնում է հաղթանակի խորհրդանիշը:
Հետագայում բազմաթիվ կանայք պնդում էին, որ հենց իրենք են լուսանկարում պատկերված, սակայն լուսանկարի իսկական հերոսուհին՝ բուժքույր Էդիթ Շեյնը 30 տարի լռում էր, թեպետ լուսանկարում անմիջապես ճանաչել էր իրեն:«Նախկինում ես անվայել էի համարում այդ մասին հայտարարել,- 70-ականների վերջին գրում է նա Այզենշտադտին,- սակայն հիմա, երբ բոլորել է իմ 60 տարին, ժամանակն է խոստովանել, որ հենց ես եմ Ձեր նշանավոր լուսանկարի հերոսուհին»:
Այս խոստովանությունն Էդիթ Շեյնի համար անհետևանք չմնաց. նրան մշտապես հրավիրում էին պսակ դնելու, շքերթների և հաղթանակը նշելու հետ կապված այլ միջոցառումների: Իսկ նավաստու ինքնությունն այդպես էլ անհայտ մնաց: Էդիթ Շեյնը վախճանվեց 2010 թ. 91 տարեկան հասակում:
Համբույրի հուշարձանը Նյու-Յորքի գլխավոր հրապարակում՝ Թայմս-Սքուերում տեղադրվեց 2007 թ.: 2005 թ. սկսած Հաղթանակի օրը Նյու-Յորքի բազմաթիվ բնակիչներ գալիս են Թայմս-Սքուեր՝ մասնակցելու «համբույրի վերականգնման» արարողությանը:
Комментариев нет:
Отправить комментарий