суббота, 19 ноября 2011 г.


   Անառիկ ու բարձրաբերձ մի ամրոց կար: Գուցե փոքրիկ էր, բայց շատ գողտրիկ: Ամրոցը կարմիր  էր ու հայտնի համայն աշխարհին, բայց արի ու տես`  չկար ոչ մի քարտեզում : Մի անգամ  մտա սենյակ: Շատ մարդիկ կային այդ սենյակում : Այ քեզ զարմանք: Այդտեղ էր նաև  այն բնակավայրը, որի մասին խոսում եմ` Սիրտ անվամբ: Տեղեկացա, որ շուտով այդ բնակավայրում ընտրություն է լինելու: Երկու թեկնածու կար` << դեմոկրատական>> կուսակցության ներկայացուցիչ Սիրելն ու  անկուսակցական Հարգելը: Սկսվել էր քարոզարշավը` քաղքական գովազդը:
Ինձ առաջինը հանդիպեց  ներկայիս նորընտիր պաշտոնյա պարոն Սիրելն  և սկսեց  ապագոռգոռ ելույթը.
-         Ես` Սիրել Սիրելյանս, խոստանում եմ  ընտրողների համար  ապահովել  քաղցր կյանք, - բայց չէ որ ասում են քաղցրությունը մաքառման մեջ է: Ուրեմն ես ճիշտ եմ ասում: Ամեն դեպքում հիմա ասեմ, հետո էլ ինչ կլինի, կլինի,- մտքում մռթմռթած թեկնածուն ու շարունակեց.- Բարեհամբույր դարձնեմ  բոլորին: Բոլորին նայեմ լավ ու ժպտուն աչքերով:
Տեսախցիկը, որ ներկա էր ու որի աչքից չի վրիպում  ոչինչ, մտածեց.
-         Չէ, սա պիտանի չէ: Վաղը հարգելը գա, տեսնենք ինչ է ասելու:
Անցավ երկար ու ձիգ մեկ օր: Տեսախցիկն   ամբողջ օրը մտածեց , փորձեց նորից վերլուծել  ու ճիշտ հասկանալ  Սիրելի խոսքերը, բայց խոստումներից ծանրացած բիբերը  իջան և քնեց: Երազում նա պառկած էր  փափուկ անկողնում , խոհանոցից  ախորժաբեր կերակրի հոտն էր քարավանի նման գալիս: Ինքը` տեսախցիկը, շտապում էր  պարոն Սիրելյանի մոտ աշխատանքի: Հանկարծ վեր թռավ  տեղից ու տեսավ` կողքը դատարկություն էր:Ինքը ձկնորսի կնոջից ավելի վատ վիճակում էր, , տաշտակն էլ` ավելի ջախջախված: Աչքերը տրորեց ու հասկացավ , որ երեկվա  քաոզարշավի խոստումներն իրենց դերը կատարել են ` գայթակղելով նաև իրեն` ամենատես տեսախցիկին: Մի պահ  հիազթափվեց , անիծեց իր բախտն ու դուրս եկավ :
Առավոտ էր, բայց ոչ արարատյան: Պայքարի տրամադրող պայծառ առավոտ էր: Անկուսակցական, ավելի ճիշտ անպաշտոն Հարգել Հարգելյանի  քարոզարշավն էր: Հրապարակում երևում էին  մի քանի վախվորած ու գունատ մարդիկ, որոնք չգիտեին տուն գնան, թե` գաղափարի հետևից:  Բոլորը միմյանցից վախենում էին ու մտածում, Չլինի սա Սիրելյանի  << մարդն>> է: Բայց ամեն ինչից զատ բոլորը վախենում ու զգուշանում էին Տեսախցիկից, նրան անվանելով, պարզապես խորամանկ լրտես:
Մի խոսքով վերջում երկնքից մեկ մանդատ ընկավ, մեկ պաշտոնի բարձրացում և մեկ չաշխատող բարձրախոս,կյանքն ու կենցաղն էլ  մնացին նույնը: Իսկ երկնային բարիքներից, թե որն ում հասավ, թողնում եմ ձեր տրամաբանությանը, միայն հուշելով, որ պաշտոնի բարձացումը  Պարոն Տեսախցիկին բաժին հասավ: Այդուհետ նա էլ երբեք  ճանապարհին չհայտնվեց: Ասում են` կառավարական տանն է:

                                                                                                                 Արփինե Ալավերդյան

Комментариев нет:

Отправить комментарий