воскресенье, 11 декабря 2011 г.


«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը՝ ԱՄՆ կինոթատրոններում
00:17 • 11.12.11


Վերջին օրերին ԱՄՆ տարբեր քաղաքներում հանրությանն է ներկայացվել լրագրող, ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը՝ Ցեղասպանությունից «փրկված» հայուհիների մասին. հաղորդեց Հ1 հեռուստատեսության «Առաջին լրատվականը»։
Հեղինակը ֆիլմում ներկայացրել է հայ կանանց և աղջիկների նկատմամբ սեռական և ֆիզիկական բռնության անթիվ օրինակներ՝ որպես հայ ազգը նաև գենետիկորեն ոչնչացնելու թուրքական ռազմավարության մաս։ Իր դիտարկումներով՝ շուրջ 300 հազար հայուհի է կրել ճակատագրի այդ խոշտանգումը։ Ազգերի լիգայի արխիվներում գտնելով դեմքի և ձեռքերի տարօրինակ դաջվածքներով հայ կանանց լուսանկարներ՝ նա բացահայտել է, որ այս կանայք թուրք և քուրդ ցեղախմբերի կողմից առևանգված և շահագործվող կանայք էին, որոնց դաջում էին՝ ցեղախմբին պատկանելությունն արտահայտելու համար։ Նրանց մի մասը կարողացել է հեռանալ Թուրքիայից, հաստատվել այլ երկրներում, այդ մի մասի միայն փոքր հատվածն է ընդունվել հանրության կողմից, ապրել լիարժեք կյանքով։
Սյուզան Խարտալյանը գնացել է Թուրքիա, նկարահանել այն հայուհիներին, որ որոշել էին մնալ։ Նրա գնահատմամբ՝ այսօր այդ կանայք առավել վստահ են, և նույնիսկ, կարծես, փորձում են դրության տեր դառնալ, առավել համարձակ են խոսում իրենց հայկական արմատների մասին. բոլորովին այլ է նրանց դաստիարակած սերունդը՝ հայկական արմատներով մահմեդականներ, որոնց հետ, ըստ ռեժիսորի, ժամանակն է երկխոսություն սկսել։
Սյուզան Խարտալյանը թեման համարում է իր անձնական խնդիրը, քանի որ նմանատիպ նշաններ տեսել է նաև իր տատիկի ձեռքերին, ում հինգ տարի իր վրանում է պահել թուրք տերը, նրանից զավակներ ունեցել, իսկ հետո՝ դուրս արել։ Դեգերելով անապատում՝ մեծ դժվարություններով Խրտալյանի տատիկը հասել է մանկատուն, փրկվել։ Նա այն փոքրաթիվ կանանցից էր, ում ընդունել է հայ տղամարդը՝ անտեսելով անցյալն ու դրա թողած «դաջվածքները»։
«Ինքը չէր գիտեր սիրել՝ տղամարդու մասին չէ խոսքս, իր թոռնիկին համբուրել, շոյել… ֆիզիկական կոնտակտի հետ կապված վախ կար մեջը։ Եվ կարծես, սա ահավոր մի բան է, իմ տատը իր ողջ կյանքը այդ ճնշումին տակ է ապրել»,- նշել է ռեժիսորը։
Ընտանիք հիմնած կանայք, ըստ Խարտալյանի, քիչ են եղել, առավել շատ էին հայ հանրության կողմից մերժվածները։ Ֆիլմում նա հիշատակել է ամերիկացի դիմավիրաբույժի հոդվածը, ով իր առաջին պլաստիկ վիրահատությունն արել է հայուհու դեմքից «ցեղախմբի պատկանելության» դաջվածքը մաքրելու համար։ Նշել է նաև, որ Բեյրութում առաջին անգամ կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ վերականգնելու գործողությունը կատարվել է բռնաբարված հայուհուն հանրությանն ինտեգրվելու հնարավորություն տալու համար։
 

Комментариев нет:

Отправить комментарий