понедельник, 16 июля 2012 г.



                                    Ցեղասպանության վկայություն.
                                               Սեդրաք Պաղտոյան



Հուշագրությունը մարդկային կյանքում ամենավեհ զգացումի առհավատչյան հանդիսանալուց զատ հաճախ ձեռք է բերում առավել քան կարևոր արժեք, դառնում հուշարձան: Կռիվ տալով դարերի հետ` դառնում է պատմության մասնիկ հաճախ անցած գնացած վերքերի սպիներից ծնունդ առած: Այդ թվին են պատկանում հայոց ցեղասպանության ամենացավալի ժամանակաշրջանի մասին սփյուռքահայ գրող ուսուցչապետ և ցեղասպանության արհավիրքը վերապրած Սեդրաք Պաղտոյանի <<Երբ դրախտը դարձաւ դժոխք...>> հուշագրությունը: Արհավիրքը ուսուցչապետը նկարագրում է հետևյալ կերպ. <<Մինչև բռնապետը խորագիտորեն իր որջին մեջ կըմեծարէր Եւրոպայի մեծ ու պզտիկ սափրիչները ու կըթույլատրեր, որ իր մօրուքին հետ խաղան, յանուն շահի ու բարեկամութեան, ինք իր ուզած ձեւով կըխաղար իր բազուկներուն, կրունկներուն առջև ինկած և գերութենէն գաճաճ դարձած փոքր ազգերուն հետ և անոնց միջև մանավանդ Հայերուն, որոնք զինք ուԿայսրութիւնը սնուցանող աստուածատուր ռայաները կըներկայացնէին>>:
Սա քմահաճ ու փառասեր անհատի տեսակ է գուցե, բայց և այնպես հենց այնպես անհատական նկրտումներից կարող է նաև կախված լինել մի ամբողջ ազգի պատմություն ու ապագա: Այսպիսին էինք մենք 97 տարի առաջ: Ազգ, որը ենթարկվեց ցեղասպանության, բայց փյունիքի նման կարողացավ վեր հառնել:
Այդ ազգի անցած ճանապարհին թվացյալ կործանմանն ու անհավատալի վերակենդանացմանը հետևելով սփյուռքահայ գրող և ուսուցչապետ, նաև ցեղասպանության ականատես ՍեդրաքՊաղտոեանը ներկայացնում իր <<Երբ դրախտը դարձավ դժոխք>> հուշագրության մեջ:
Հուշերը սկսելով իր հայրենի գյուղի` Քղիի գովերգումով հեղինակը նշում է. <<Հազիվ գիտակցութեան եկած ,սէրերու նեկտարային համը դեռ չառած, ճանչցանք տաճիկին զուլումը և Քիւրտին սարսափը: Օրենք չկար, կար յղկուած գերութիւն և մռնչացող բռնապետություն:
Իհարկէ`  մեծագոյն տզրուկներն ու կարիճները թուրք ու քիւրտ պէկերեն ու երևելիներն էին…>>:
Հեղինակը հուշագրության մեջ նախ հետահայաց հայացքով փորձում է  մի քանի հարցերի պատասխան գտնել` հաստատելով երկխոսություն ընթերցողների հետ: Նախ հարցերի հարցը. ո՞վ է թուրքը հարցն է: Հարց, որը նույնքան արդիական է, անգամ այսօր: Հարցի պատասխանի փնտրտուքները և ինչու- ների բացահայտումը քաղաքացուն ու անհատին, բնաշխարհ կորցրած հային ուղեկցում է մի պարզ եզրահանգման, որը հեղինակը ցավով նշում է.  <<Ոչ միայն օտար ափեր նստող հայ ղեկավարությունը չկրցան ճանչնալ մեր միջավայրը,  մեզ հովանաւորող նենգամիտ Թուրքը, այլև չճանչցան նաեւ բազմացրիւ ու անկենդրոն հայութիւնը իր բնաշխարհի մեջ: Չշաղուեցան անոնց մեջ: Չձուլուեցան անոր հետ: Մեր դիւանագէտները բեմ կելլէին, յաճախ չգիտնալով իսկ, թէ ողբերգութի՞ւն պիտի խաղան, թէ կատագերգութիւն>>:
Պետք է նշել, որ հեղինակը Արհավիրքի Եօթը տարիները, այսինքն 1915- 1922թթ. իրադարձությունները մշակելով մի քանի անգամ ասելիքը հասցրել է այնքան կատարելության, որ գիրքն ընթերցելու ժամանակ ընթերցողը գնահատելով լեզվական և գեղարվեստական գեղեցիկ ու մոգական նկարագրությունները, շեղվում է գեղարվեստական ժանրից ու ասես ընթերցում սթափ քաղաքագետի, ապա հմուտ դիվանագետի, խորաթափանց պատմաբանի ու նրբանկատ վավերագրողի աշխատանք:
Անդրադառնալով Եվրոպական երկրների դիվանագիտությանը և իրենց աչքի առջև մորթվող հայերին ուղղված նրանց անտարբեր հայացքին, հեղինակը նշում է. <<Պատերազմը ոչ աչք ունի ու ոչ դատավոր որուն հոգը` անտեր հիվանդն ու մեռելը>>:  Ապա անդրադառնալով հայկական դիվանագիտությանը նշում է. <<Դիվանագիտության բաժակը կոտրած, բայց դեռ փշրանքներն իրենց ափերուն մեջ, դուրս կելլեն հայ ղեկավարները>>: Իզուր չէ որ հերոսներից մեկը նշում է. <<Օտար դիվանագետնէրը մեր մարը լացուցին>>:
<<Բարեկամ Քիւրտեր, այնքան ատեն, որ մեր տուներուն մէջ ենք ` յարգեցէք մեր իրաւունքը: Եթե ըլլայ, որ երթանք, իրաւունքը զօրաւորինն է, եկէք առէք : Բայց մինչ այդ ` բարի եղէք ու պահեցէք վեր բարեկամութւնը, որ հին է և թանկագին մեզի համար , մի դառնաք գործիք սատանային, մի թափէք մեր ու ձեր անմեղ արիւնը>>,- վկայում է հեղինակն , ապա նկարագրում մի ողջ ազգի ներքին մտածումները, որն ասես լուռ խոստում էր.  <<Եթէ իրոք արեւ մը կար ծագելիք , ու ժամ մը կար հասուննալիք, գործ մը կար ընելիք , ան կըգտնուէր մայր հողին վրայ>>: Այս <<սրբազան ու խոստումնալից երդմանը հետևելով հետո մի ողջ ազգ պիտի նախատեր ինքն իրեն.  <<Ըմբոստութիոն սրբազան… դուն դեռ կապրիս մեր կենդանիներուն մեջ, ըսէ ինչու հեռացար մեր ժողովուրդին հոգինէրէն  և թողուցիր, որ ըլլան հլու գրատներ, անլեզու, հետևող անասուններ, իրար ու դեմ` արջու առիոծ, ուրիշին առջև` բարի ավանակ ու անմեղ գառնուկ>>:
Այսպես գրողը, քաղաքագետը, պատմաբանը, վավերագրողը հերթով իրենց ձեռագիրն են թողնում  այս ծավալուն <<մոնոներկայացման>> մեջ, որն այս դեպքում հանդես է գալիս: Հեղինակը հիշելով դեպքերը` գեղարվեստականությամբ ընդգծում է իրադարձությունները, ապա տալով դրանց քաղաքական բնորոշումները, պատմությանն է հանձնում իրականությունը:
Հինգ ստվարածավալ գլուխներից բաղկացած հուշագրությունը ներառում է ինչպես եղեռնի անցուդարձն, այնպես էլ տարեգրության մեջ հայտնված մարդկանց ու երեխաների ճակատագրերը ,մինչև<<Մուսոլիի որբանոց- վարժարան>>: Սեդրաք Պաղտոյան ուսուցչի, գրողի հոր ու հայի սեփական ոտնահետքերը տանում են հայի պատմության խորքերը, որտեղ վեր է հառնում հայ մարդու հավերժի համար կանգնեցված հուշարձանը, որ ամփոփում է թեպետ թրի ու սրի քաշված, բայց տոկուն մարդու, երկու ոտքով ամուր  / թեպետ ոչ հայրենի/ հողին կանգնած մարդու տեսակ:  Մարդ, որ պատմության ու կյանքի հետ կռվեց ու հաղթանակեց իբրև զենք ու վահան ընտրելով գրիչը, գիրն ու գիտությունը: Ուրեմն, խոնարհում, փառք ու պատիվ բոլոր վերապրածներին: Այն Սեդրաք Պաղտոյաններին, որ պիտի մեզ ու գալիք սերունդներին իրենց  օրինակով ծանոթացնեն մի կարևոր արվեստի ճյուղի` ապրելու արվեստին. <<Ինչ գեղեցիկ է դէմքը անոր` որուն ներսը զոհաբերութեան արիոնը կեռայ թափւելու համար հայրենիքի օճախին, ընտանեկան սրբութեան, ազգին ու կրօնքին պահպանութեան ու պաշտպանութեան  ի խնդիր>>:
                                                                                          ԱՐՓԻՆԵ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий